ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Զենք տուր. խաղաղություն եմ ուզում»

«Զենք տուր. խաղաղություն եմ ուզում»
08.02.2019 | 02:27

Առաջիկայում 5-րդ ալիքը կցուցադրի «Զենք տուր. խաղաղություն եմ ուզում» վավերագրական ֆիլմը: Ֆիլմն Արցախյան ազատամարտի մասին է, ավելի ճիշտ` պատճառների, ավելի ճիշտ` դրանցից խուսափելու, պատվով խուսափելու: Արցախյան վերջին քաղաքական զարգացումները հուշում են, որ վերնագիրը պատահական չի ընտրվել, և արդեն մի խիստ կարևոր, զգաստացնող ասելիք ունի: Մինչ օրս Արցախյան ազատամարտի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, բայց այս ֆիլմը կարելի է բոլորովին տարբեր համարել իր գաղափարական հարցադրումներով. հերոսը` հայ ժողովուրդը, խաղաղություն է ցանկանում զենքի միջոցով: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայը խաղաղությունն ավելի շատ խնդրել է, քան պահանջել ու վաստակել, ինչի մասին պատմում է այս ֆիլմը: Հենց սրանում է ֆիլմի բացառիկությունը. զինվենք, որ չկռվենք, զինվենք, որ ցույց տանք` պատրաստ ենք պատերազմի։ Պատրաստ ենք հաղթելու:


Ֆիլմի ստեղծագործական կազմը բավականին երիտասարդ է. սցենարիստը լրագրող, արձակագիր ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՆ է, ռեժիսորը` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի «Լավագույն դեբյուտ-2018»-ի հաղթող ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ:
Ես փորձեցի զրույց ունենալ նրանց հետ ու ընթերցողի համար բացահայտել այն, ինչ մնացել է էկրանից այն կողմ: Ժամանակի սղության պատճառով զրույցը չափազանց կարճ ստացվեց և չափազանց հստակ:

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ, ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԱԶԱՆՔ, ԻՍԿ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ
ԶԵՆՔՈՎ»


-Հովիկ, վավերագրական կինոսցենարը տեքստային լուրջ միջամտություն չի ենթադրում, իսկ Դուք, կարծեմ, սովոր եք հենց տեքստի հետ աշխատելուն: Ի՞նչն էր Ձեզ համար ամենահետաքրքիր նորությունը կադրային մտածողության իմաստով:
-Այն, որ շատ կարևոր բաներ ասելու համար կարելի է և չխոսել: Նույնիսկ լռել: Այն, որ կան դեմքեր, իսկ դրանք շատ են, որոնք բերանով չեն խոսում: Մի տեսակ նայում են քեզ ու խոսում են` լուռ: Եվ վերջապես այն, որ ինչ-որ բան, թեկուզ մեկ տող գրելուց հետո պետք է փակել աչքերն ու փորձել տեսնել: Եթե չի երևում, իսկ երևալուց հետո հուզում, ուրեմն բացել աչքերը և ջնջել, նորից փորձել, հետո նորից... Մինչև տեսնես գրածդ:
-Կհիշե՞ք ռեժիսորին տված Ձեր ամենասկզբունքային խորհուրդը:
-Ասացի, որ կարևոր չէ, թե ինչ ենք մտածում ադրբեջանցիների մասին: Պատերազմում. կարծում եմ, թշնամին կարևոր չէ, գոնե մեզնից: Կարևորն ու հետաքրքիրը մենք ենք: Ի՞նչ ենք անում, որքա՞ն ենք ամուր, ինչո՞վ ենք ուժեղ, ի՞նչ ենք երազում։ Այո, խորհուրդ եմ տվել ուշադրություն դարձնել պատերազմող մարդու երազանքին: Մեզ` առանց թշնամու:
-Խաղաղությունն ու զենքը հականիշներ են: Ինչու՞ եք պնդում, որ խաղաղության համար զենք է պետք:
-Որովհետև խաղաղություն չի լինում: Միֆ է: Երազանք, առանց որի հնարավոր չէ ապրել, ինչպես և առանց զենքի: Ի դեպ, հետաքրքիր կլինի հաշվել չպատերազմող` խաղաղ երկրներում առկա զենքը. վստահեցնում եմ` սարսափելի թիվ կլինի: Կարծում եմ` խաղաղությունը նվաճում են, ինչպես ցանկացած երազանք, իսկ նվաճում են զենքով: ՈՒ հենց այստեղ խաղաղությունն ու զենքը դադարում են հականիշներ լինելուց, և զենքը դառնում է խաղաղության հասնելու գործիք:

«ՖԻԼՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ Է, ԻՍԿ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԲՈԼՈՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ
ՍՈՒՐ»


-Արթուր, մարդիկ սովոր չեն իրենց երկրի պատմության ամենահերոսական դրվագներին նայելու մի մարդու ճակատագրի տեսանկյունից: Այս ֆիլմում նման փորձ է արված: Երբևէ չե՞ք վախեցել, որ Ձեր հստակ դիտարկումը, թե պատերազմը, ինչ հիմնավորում էլ ունենա, կյանքեր է կործանում, սխալ կընկալվի:
-Սխալ ընկալումներ միշտ կան և կլինեն, ու դրանից պետք չէ վախենալ: Պետք է պայքարել դրա դեմ: Պատերազմն արդեն պարտություն է: Կապ չունի՝ մեկ մարդու տեսանկյունի՞ց են նայում, թե՞ հազարի:
-Ֆիլմի նյութն ամբողջովին արխիվային է. որպես վավերագրող ռեժիսոր, կարիք զգացե՞լ եք դեպքերին Ձեր հայացքով նայելու, թե՞ ժամանակակից օպերատորական աշխատանքը լրիվ բավարար էր ասելիքը տեղ հասցնելու համար:
-Այո, ֆիլմում օգտագործվել են արխիվային կադրեր, ու անկախ այդ ահռելի արխիվից, որն ուսումնասիրել եմ, միևնույն է, մոնտաժային սեղանի առջև զգում ես, որ պակաս բաներ կան: Չնայած հույս ունեմ, որ ասելիքս փոխանցել եմ:
-ՈՒսումնասիրության ընթացքի մասին էլ պատմեք, խնդրում եմ: Ո՞ր կադրերը կամ դրվագներն են սուր զգացողություններ առաջացրել, և ինչպե՞ս եք դրանք շեշտել ֆիլմում:
-Այս ֆիլմը պատերազմի մասին է, իսկ պատերազմում բոլոր զգացողություններն են սուր: Ֆիլմում հայացքներ են, որոնք պատերազմ են տեսնում. այդ բոլոր հայացքներն իմ շեշտերն են:


Ճեպազրույցները`
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ